Ճամփորդություն Ստեփանակերտ՝ Արցախի սիրտն ու մայրաքաղաքը
Հունիսին Հայաստանի արտահերթ ընտրություններից առաջ այցելեցինք Ստեփանակերտ։ Ահա ճշգրիտ նկարագիր էն ամենի, ինչ էնտեղ տեսանք։
Ստեփանակերտ ժամանելուց առաջ ռուս խաղաղապահները կանգնացրին մեր մինիվենը ու կարճ մազերով երիտասարդին խնդրեցին դուրս գալ մեքենայից։ Նրա կողքը նստած երկու արցախցի կանայք առարկում են՝ տղան զինվոր չի, սպորտսմեն ա։ Խաղաղապահները հիշեցնում են նոյեմբերյան համաձայնագիրը, ըստ որի ՀՀ զորք Արցախում չպետք է լինի։ Արցախցի կինը հայհոյում է Փաշինյանին։ Թողնում ենք տղային այնտեղ, որ վերադառնա Երևան ու շարունակում ենք ճամփան։

Ազատամարտիկների զբոսայգու վարդերը ծաղկել են։ Փոքրիկ գրադարանն ունի մի քանի հին գրքեր, վրան էլ խզբզած ա՝ «Առանց քեզ չկա գարուն»։ Հույս ունեմ նվիրված ա ինչ-որ դպրոցական սիրո, ով հիմա ուրիշի հետ ա։


Վերածննդի հրապարակում երկու պատ կա։ Մեկի վրա գրած ա «Մենք․․․», իսկ դիմացը արհեստական ծաղկեփնջերի շարք կա։ Մյուսի վրա ռուսերեն գրված ա «Ռուսաստան, օգնիր վերադարձնել մեր հարազատներին»։


Ստեփան Շահումյանը՝ Ստեփանակերտի առաջին մասի Ստեփանը, հայտնի հեղափոխականն ու գրաքննադատը, հայացքով չափում ա իր տարածքները։


Պարզվում ա Վերջին զանգի օրն ա։ Հաճախ հանդիպում են զուգված շրջանավարտների խմբեր, նրանք նկարվում են, թափառում ու խաղեր խաղում։


Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի պատերին հետաքրքիր նկարներ կան։ Նկարներից մեկը Մոնսերատ Քաբալյեի բազում այցերից մեկն ա Արցախ։


Համերգասրահում մի դաշնակահարուհի պարապում ա իր ավարտական համերգի համար։ Մենք էլ ենք հրավիրված։

Կարամելային ադիբուդու ժամանակն ա։


Քաղաքներն ավելի տեքստային ու ուղիղ են, քան գյուղերը։ Ստեփանակերտն ասում ա՝ «Կամքն ուժի զենքն է», «Մեր լեռներն են մեր հաղթանակների սնուցման աղբյուրը» ու «Սիրենք և պահպանենք հայրենի․․․»։



Նաև անուններ կան ու տարիքներ՝ Լեոնիդը 19 էր, Սերգեյը 20 էր։


Բակերի լաբիրինթոսում հանդիպում ենք աղունիկ խաղցնողի, ով պատմում ա, որ չորրորդ դասարանից էդ գործին ա։ Տպավորիչ կլիներ, եթե ռեզյումեում տենց գրեր։ Հետո ասում ա իր աղավնիների քանակը (78), իսկ հետո ցույց ա տալիս, թե որ մեկը որ մեկի որդին ա կամ դուստրը։


Արցախում թթի սեզոն ա, ու էրեխեքն, իհարկե, թառած են ծառերին։

Պապիկը թոռնուհուն ա ճոճում։

Ասում եմ, որ Արցախում ավելի ակնհայտ ա պահպանվել Սովետի հետքը։ Արցախցի կանանց դասական շրջազգեստները որ հաստատ ժամանակավրեպ արվեստ են։

Այսօր Արցախ Թիվիի 33-ամյակն ա։ Արցախի պետական համալսարանի լրագրության ուսանողները եկել են ռեպորտաժ անելու։
Սկզբում ամաչում են, հետո ավելի խիզախ դառնում, սկսում ավելի շատ հարցեր տալ, ավելի շատ սենյակներ մտնել։ Արցախ Թիվիի վետերաններից մեկին հարցնում են ինչ բարեմաղթանք ունի ալիքի տոնի առթիվ, պատասխանում է՝ «Շուշին հետ բերենք»։





Մթնում ա։ Որպես իսկական երևանցիներ փորձում ենք գտնել Բարդակը՝ Ստեփանակերտի միակ փաբը։

Ազատը՝ փաբի տերը, ով պատերազմի ժամանակ վիրավորվել էր, ապաքինվել ա։ Ընկերներով շրջապատված ծիծաղնում ա, մինչ մենք տեղացիների հետ քննարկում ենք Մռավը ու Հադրութը վերադարձնելու հնարավորությունը։

Մյուս օրը կիրակի ա։ Շուտ ենք զարթնում, որ մասնակցենք Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին։





Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն էլ ա էստեղ, էնպես որ մեծ առիթ ա, բոլորն են հավաքվել, ներառյալ նախագահ Արայիկ Հարությունյանը ու բոլոր նախկին նախագահները։


Գարեգին Բ-ն իր խոսքում գովում է հայերի դիմացկունությունը, հույս արտահայտում, որ մոխիրից կհառնանք փյունիկի պես։ Մի կին անդադար սրբում է արցունքները։ Մի քանի զինվորականներ խաչակնքվում են։


Պատարագից հետո մտնում ենք բազում ծաղիկների խանութներից մեկը։ Մի տարիքով կին, ով փաթաթում է մեր դեղին ծաղիկները, պատմում է, որ խանութը բացել է պատերազմից հետո, որ ոտքը կորցրած որդին մի բանով լցնի ժամանակը։ Արցախում արհեստական ծաղկեփնջերը տարածված են․ Ամեն օր թարմ ծաղկեփնջեր գնելն ահագին թանկ է։

Երեկոյան գնում ենք երաժշտական քոլեջի ավարտական համերգին։ Աղջիկները երգում են ձնծաղկի մասին, որն ուզում է ծաղկել՝ չնայած իրեն զգուշացնում են, որ դեռ ցուրտ ա ու վտանգավոր։


Քանոնը հանդիսատեսի սիրելին ա։ Ռուս խաղաղապահները, որ եկել են համերգին իրար հարցնում են, թե սա ինչ գործիք է, ու նկարում են դուր էկած երգերն իրենց հեռախոսներով։


Ակկորդեոնները, սաքսն ու ջութակն էլ են հավես։



Համերգը վերջանում ա, երբ դուրսն արդեն մութ ա։ Որոշում ենք այցելել մեր ծանոթին, ում նախապապն առաջին օպտիկայի մասնագետն էր Ղարաբաղում։


Օպտիկայի խանութի պատերն օմաժ են Գարիկի նախնիներին։ Գոհ նկատում եմ՝ «Բոլոր ազգանունները հայկական են», բայց հետո մտածում եմ՝ դե հա բա, պարզ ա։


Փողոցում՝ օպտիկայի խանութի մոտ, «թխածի» հետքերի միջից արդեն բույս է աճել։ Գիշերը Ստեփանակերտում անդորր է։


Մյուս օրը քայլում ենք դեպի Տատիկ-պապիկի արձանը։ Դիմացը սպիտակ շորով մի կին ա նկարվում, շորը ոնց որ ամպերից լինի։ Տատիկն ու պապիկը, մռայլ են, վճռական ու հողեղեն։ Նայում են ուղիղ առաջ։


Մի վերջին հայացք Արցախի բոլոր սրբավայրերի քարտեզին ու վերադառնում ենք փոշոտ Երևան, որն ամբողջովին պատված ա քաղաքական խոստումաթերթիկներով։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեքստը՝ Նարե Նավասարդյանի